38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-6

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-6
04.10.2024 | 19:17

(սկիզբը` այստեղ)

Իսրայելի սիոնիստական վարչակարգը, որպես մեր մոլորակի վրա չարիքի առանցքի բաղկացուցիչ (ԱՄՆ- ի և Մեծ Բրիտանիայի հետ միասին) Մերձավոր Արևելքը, թերևս ավելի ճիշտ կլինի ասել՝ աշխարհը, կանգնեցրել է մեծ պատերազմի առջև: Մեծ վտանգի տակ են նաև Հայաստանը և Լիբանանում և Իրանում բնակվող, գտնվող հայերը, ընդ որում, առնվազն երեք առումով, որոնցից երկուսին քիչ հետո դեռ կանդրադառնանք:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) Լիբանանից տարհանում Է ռուս դիվանագետների ընտանիքների անդամներին: Բեյրութից Մոսկվա է թռել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռը (Ил-76)՝ ռուս դիվանագիտական աշխատողների ընտանիքների անդամների հետ: Նրանց թվում կան երեխաներ և հղի կանայք, որոնց թռիչքի ժամանակ ուղեկցել են բժիշկներն ու հոգեբանները:
Լիբանանից տարհանումն իրականացվել է նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ և արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ: Այսօր Ռուսաստան պետք է տեղափոխվի 60 մարդ, հայտնել է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ի՞նչ է նշանակում այս ամենը, և ինչո՞ւ է հարկ եղել նաև հոգեբանների ուղեկցությունը… Լիբանանում ՌԴ դիվանագիտական անձնակազմի տարհանումը նշանակում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը նույնպես կանխատեսում է մեծ պատերազմ, ներառյալ՝ իսրայելական հարվածներ ոչ միայն Լիբանանի մայրաքաղաքի հարավային մասին, որտեղ գտնվում են լիբանանյան «Հըզբոլահ» շիա խմբավորման անդամների և կառույցների մի մասը, ոչ միայն արաբական թաղամասերին, այլև ողջ Բեյրութին, որտեղ, ընդգծենք, մենք ունենք բավական մեծ հայ համայնք և, միաժամանակ, նրանց նկատմամբ Նիկոլ հայադավի և իր ոհմակի բացարձակ անտարբեր վերաբերմունք:
Այն, որ Իսրայելի «պաշտպանության բանակ» (ՑԱՀԱԼ) կոչվածը չի սահմանափակվել սոսկ Բեյրութի հարավային մասին հասցված ու հասցվող ավիահարվածներով, վկայում է նաև Լիբանանի առողջապահության նախարարության այսօր առավոտվա հաղորդումը Բեյրութի կենտրոնական շրջանում իսրայելական հարվածի հետևանքով վեց մարդու մահվան մասին:
Դատելով ամենից, պայթյուններ են որոտացել նաև Բեյրութում ՌԴ դեսպանատան աշխատողների ընտանիքների բնակության վայրերից ոչ այնքան հեռու, համենայն դեպս, պայթյունների ձայնն այնտեղ լսելի է եղել, և երեխաները, կանայք կամ նրանց մի մասն ահաբեկված է եղել, և այդ իսկ պատճառով անհրաժեշտ է համարվել նույնիսկ ինքնաթիռում հոգեբանների ներկայությունը, որ անհրաժեշտության դեպքում համապատասխան աջակցություն ցուցաբերեն:
«РИА Новости»– ի փոխանցմամբ , Լիբանանի տեղական ԶԼՄ-ները վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Ֆիրաս Աբդյադին, հայտնել են, որ Լիբանանում Իսրայելի հետ հակամարտության սրումից ի վեր (սեպտեմբերի 17- ից), ՑԱՀԱԼ- ի հարվածներից զոհվել է 1974 մարդ:
«Լիբանանի դեմ Իսրայելական ագրեսիայի զոհերի ընդհանուր թիվը կազմել է 1974 զոհ և 9384 վիրավոր, այդ թվում՝ 127 երեխա, 261 կին և 97 մարդ բժշկական և վթարային բրիգադներից»,- ասել է նախարարը:
Աբդյադը նաև հավելել է, որ ՑԱՀԱԼ-ի հարվածները վնաս են հասցրել տասնյակ բժշկական կենտրոնների: Ցեղասպան Իսրայելն այսպես է պայքարում «Հըզբոլահ»- ի «ահաբեկիչների» դեմ:
ՑԱՀԱԼ- ի հարվածների զոհերի թիվն այսպիսով արդեն մոտեցել է 2000 մարդու, ավելի քան 1,2 մլն լիբանանցիներ ստիպված են եղել լքել իրենց տները: Տասնյակ հազարավոր փախստականներ մեկնել են հարևան Սիրիա։ Ցավոք, սա դեռ սոսկ սկիզբն է:
Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հըզբոլահը» շարունակում է ցամաքային մարտեր վարել։ Ընդ որում, շիական խմբավորումը չի դադարեցնում հրեական պետության հրթիռակոծությունները, որոնց հեռահարությունը վերջին օրերին զգալիորեն ավելացել է: Ամեն օր տասնյակ հարվածներ են գրանցվում իսրայելական բնակավայրերի ուղղությամբ, նաև արդարացիորեն՝ բնակելի շենքերին, ի պատասխան Բեյրութում և այլուր բնակելի շենքերին և սոցիալական նշանակության շինություններին ՑԱՀԱԼ- ի հարվածներին:
ՑԱՀԱԼ-ը, իր հերթին, հայտնել է Լիբանանի հարավում ռազմագործողությանը մասնակցող իսրայելցի զինվորականների շրջանում զոհվածների և վիրավորների մասին:
Անդրադառնանք հոկտեմբերի 1- ի երեկոյան Իսրայելին Իրանի հրթիռային զանգվածային հարվածին՝ իրականացված ինքնապաշտպանության ակտի շրջանակում: Սոցիալական ցանցերում տեսանյութեր են հայտնվել, որոնք պատկերում են երկնքից Իսրայելի տարբեր շրջաններում իրենց թիրախներին իրանական հրթիռների հիշյալ գրոհը:
«Իրանն այսօր մեծ սխալ է թույլ տվել և վճարելու է դրա համար,- ТАСС- ի տեղեկացմամբ , նույն օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երկրի հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում:- Իրանական ռեժիմը չի հասկանում մեզ պաշտպանելու մեր վճռականությունը և մեր թշնամիներից վրեժ լուծելու մեր վճռականությունը»:
Թել Ավիվը կարող է առաջիկա օրերին հարվածներ հասցնել Իրանի նավթային և այլ ռազմավարական օբյեկտներին՝ ի պատասխան հրթիռակոծության, «РИА Новости»– ի փոխանցմամբ , իսրայելցի պաշտոնյաներին վկայակոչելով, հայտնել է իսրայելական «Axios» պորտալը:
«Իսրայելցի պաշտոնյաներն ասում են, որ Իսրայելը մի քանի օրվա ընթացքում «զգալի պատասխան հարված» կձեռնարկի հրթիռային հարձակման համար,- գրել է պարբերականը։- Դրա թիրախ կարող են դառնալ նավթարդյունահանման օբյեկտները և այլ ռազմավարական օբյեկտներ։ Եթե դա տեղի ունենա, իսրայելցի պաշտոնյաներն ասում են, որ բոլոր տարբերակները կդիտարկվեն, այդ թվում՝ հարվածներն իրանական միջուկային օբյեկտներին»:
Բացի այդ, ըստ նույն լրատվամիջոցի, Իսրայելը կարող է հարձակմանը պատասխանել որոշակի անձանց սպանություններով և Իրանի ՀՕՊ համակարգերի ոչնչացմամբ։ Կարծում ենք, իսրայելական լրատվամիջոցը գրելով որոշակի անձանց սպանության հնարավորության մասին, առաջին հերթին, նկատի է ունեցել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին ու նախագահին՝ պետության առաջին և երկրորդ պաշտոնյաներին: ՑԱՀԱԼ- ի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին հայտարարել է, որ պատասխան հարվածներ հասցնելու որոշումն այժմ Իսրայելինն է:
«Axios»- ի տվյալներով՝ Իսրայելի որոշակի պատասխան քայլերի մասին որոշում դեռ չի կայացվել, քանի որ երկիրը ցանկանում է դրանք համաձայնեցնել ԱՄՆ- ի հետ (ընդգծենք, որ այդ համաձայնեցումն արդեն կայացել է): Ընդ որում, ամերիկացի պաշտոնյայի խոսքով, Վաշինգտոնը հասկացնել է տվել Իսրայելին, որ աջակցում է Իրանի հրթիռակոծությանը պատասխանելու նրա մտադրությանը, սակայն կարծում է, որ պատասխանը պետք է կշռադատված լինի:
Ո՞րն է այդ կշռադատված պատասխանը՝ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի ավիահարվածնե՞րը, որոնց իրականացմանը ԱՄՆ- ի նախագահ ճիվաղ Բայդենն արդեն տվել է իր համաձայնությունը, և որոնք ոչ միայն աղետալի հետևանքներ կունենան Իրանի համար, այլև այդպիսի հետևանքներ կարող են ունենալ նաև Հայաստանի ու նույնիսկ տարածաշրջանի համար:
Թեհրանը Թել Ավիվին նախազգուշացրել է հետագա ագրեսիայից՝ նախազգուշացնելով, որ եթե Իսրայելի սադրանքները կրկնվեն, Իրանի պատասխանն էլ ավելի հզոր կլինի: Եթե դա տեղի ունենա, ապա բացառված չէ, որ Իսրայելը միջուկային զենքով հարվածի Իրանին: Հիշենք, որ տարածաշրջանում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը Վրաստանի կառավարությունը նախապատրաստվում էր դեռ անցյալ տարվա հոկտեմբերից , մինչդեռ Երևանը, ինչպես գրել ենք այն ժամանակ, թշնամու կողմից նույնիսկ սովորական զենքի կիրառմանը նախապատրաստված չէ:
(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 14270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ